Սյուժեներ
Հրապարակված է 10:33, 16 Մարտի, 2013

Հովիկ Աբրահամյանն այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին. Պատրաստ ենք գնալ փոխզիջումների, բայց ողջամիտ

Հովիկ Աբրահամյանն այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին. Պատրաստ ենք գնալ փոխզիջումների, բայց ողջամիտ
eMedia.am, 16.03.2013 | Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին մարտի 15–ի ուշ երեկոյան այցելել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հովիկ Աբրահամյանը մոտ 20 րոպե առանձնազրույց են ունեցել հրապարակում տեղադրված վրանատիպ ծածկի տակ։

Առանձնազրույցից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին այցելության ու զորակցության համար, նշելով, որ երկու տարի առաջ էլ Հովիկ Աբրահամյանն այցելել է իրեն։ Մնացած հարցերին, Րաֆֆի Հովհաննիսյանը կպատասխանի երկուշաբթի օրը՝ բացօթյա ասուլիսում։
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նախ ինքը հետաքրքրվել է Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությամբ, այնուհետև իրենք քննարկել են ստեղծված բանավեճը լուծելու ուղիները։

«Մենք հայտարարի չենք եկել ու հավանաբար նորից կհանդիպենք։ Մենք բարձր ենք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի խելամիտ մոտեցումները, որ ժողովրդին չի տանում արյունահեղության ճանապարհով, այլ փորձում է բանակցություններով լուծել խնդիրները։ Մենք էլ տեսնում ենք, որ դրանք կան ու փորձելու ենք լուծել»,– ասել է Հովիկ աբրահամյանը։

Հարցին, այցելելու է արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահը պատասխանել է, որ տեղյակ չէ։

Նա նշել է, որ անպայման Սերժ Սարգսյանին կփոխանցի Րաֆֆի Հովհաննիսյանի մտահոգությունները։

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, որ միայն իր դիակի վրայով, Հ.Աբրահամյանը նշել է, որ դա վերջնագիր է, որն ընդունելի չէ. «Դա քաղաքական կատեգորիա չէ»։

Նրա խոսքերով այս ամենը ոչ թե ուժեղացնելու, այլ թուլացնելու է պետությանը. «Համոզված եմ պարոն Հովհաննիսյանը շատ հայրենասեր մարդ է ու ամեն ինչ անում է, որ հաշտությամբ լուծվի այս բանավեճը ու մենք էլ գնալու ենք ընդառաջ, օգնելու ենք, որ բանավեճը խաղաղ լուծվի։ Մենք պատրաստ ենք գնալ փոխզիջումների, բայց ողջամիտ»։

Հովիկ Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մինչ օրս չի այցելել, քանի որ սպասում էր ՍԴ որոշմանը։
144
Կարեվոր